Գրողի առաքելությունը փորձ է աշխարհի մեղքն իրենով, այսինքն՝ իր խոսքով մաքրելու, որը ոչ թե դատողությունների արգասիք է, այլ կենսակերպ՝ ժառանգորեն փոխանցված մայրական կաթով ու հոր արյամբ։
Գրողը որոշակի ժամանակի ծնունդ լինելով հանդերձ, նաև այդ ժամանակից դուրս է։ Նա հոգու թևերով միշտ կարողանում է վեր պոկվել գետնամած իրականությունից ու արծվահայաց հպարտությամբ տնտղել աշխարհի դեմքը, անկախ նրանից՝ կլինի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Նա ոգով լցված կարողանում է սուզվել աշխարհի ներսը, որտեղ միշտ եռք է, մասնավորապես անհատի անհաշտությունն ինքն իր հետ։ Այդ անհաշտության գեղարվեստական պատումն է, որ դառնում է գրականություն, հետևապես հասարակության համար կատարսիս, ինչն էլ հավերժ է պահում գրողի խոսքը։ Մշտամնա արժեքների մասին գրողը մեծ ժամանակի մեջ ավելի ու ավելի է բարձրանում։ Մկրտիչ Սարգսյանը սկզբունքորեն այդօրինակ գրող է, որի 90-ամյա հոբելյանն է նշվում այս տարի։ Նա մի հայ է, որի դաստակներին ուժ է տվել, ինչպես ինքն է գրում, «և՛ դարավոր, և՛ չհնացող, և՛ միշտ նորոգվող հայրենասիրությունը»։
Ճշմարտության աչքերին նայելիս այս է հենց նրա շիտակ հայացքի գրավականը։
Նա Խորհրդային Հայաստանի այն եզակի գրողներից էր, որն իր տեսածն ու զգացածն անկեղծ ասել գիտեր, շոշափելով այնպիսի թեմաներ, որոնք որոշ մարդիկ անգամ խուսափում էին լսելուց։ Նա գրում էր, որովհետև իր գրականության հերոսի պես էր խորհում. «Սպանի՛ր ինձ, հրամանատար, սատկացրու կամ թույլ տուր խոսել, ես մարդ եմ, մա՜րդ...»։
Այո՛, ով ուզում է լինի, եթե մարդ է, չի կարող լռել, առավել ևս, երբ Աստված նրան գրիչ բռնելու շնորհք է տվել։ ՈՒստի Մկրտիչ Սարգսյանի գրականության հերոսը չէր կարող չլինել անմեղ դատապարտվածը։ Նա չէր կարող չգրել գերմանական զինվորական համազգեստով հայ լեգեոնականների, Անդրանիկի, հայրենիքի և շատ ու շատ անտեսված իրողությունների մասին, երբ համատարած պապանձված լռություն էր տիրում։ Խոսքս ուզում եմ մասնավորեցնել ու հավաստել Մկրտիչ Սարգսյանի գրական հարուստ ժառանգության արժանահիշատակ երկու գործով՝ «Խնդրում եմ չմոռանալ...» պատմվածքի և «Ճակատագրով դատապարտվածները» վեպի շուրջ խորհրդածությամբ։
Հիրավի, Մկրտիչ Սարգսյանը գրիչ էր վերցրել, որ հրապարակավ ասի. «Խնդրում եմ չմոռանալ ճակատագրով դատապարտվածներին...»։
Նա եղավ Խորհրդային Միությունում առաջիններից մեկը, որը գրականությամբ բարձրաձայնեց ճամբար-կալանավայրում տառապող խորհրդային «արդարադատության» զոհերի մասին։ Մկրտիչ Սարգսյանը գրեց ու հրապարակեց «Խնդրում եմ չմոռանալ...» պատմվածքը՝ ցույց տալով անարդարությունից հանիրավի խեղված մարդկային ճակատագիրը։
Պատմվածքը լույս տեսավ «Սովետական գրականություն» ամսագրում՝ 1962 թվականին։
1966 թվականին Մկրտիչ Սարգսյանն ավարտեց «Ճակատագրով դատապարտվածները» վեպը, նորից անդրադառնալով արգելված թեմաներից մեկին՝ ռայխին երդում տված հայկական լեգեոնին, որի գործունեության մեջ տեսավ «հայոց պատմության բոլոր վկայությունները»։ Մկրտիչ Սարգսյանը վեպում միայն մեկ բաժինն է վերնագրել, այն էլ՝ Ապոթեոզ, որը, փաստորեն, իր ժողովրդին աստվածացնող գրողի իմաստնացած մենախոսությունն է. «Հավատում եմ քո ճանապարհին, ուր միախառնված են Արյունդ և Հանճարդ։ Հավատում եմ աստվածությանդ՝ Տրդատներով, Նարեկացիներով, Ռոսլիններով կնքված։ Մարդասիրությանդ՝ Սասնա Դավթով վկայված։ Անմահությանդ՝ երեք հազարամյակով քարակոփ։ Ոգուդ՝ Արարատով չափված։ Վերքիդ՝ ձորերիդ պես բազմահարկ։ Խնդությա՜նդ՝ ջրվեժներիդ պես սանձակոծ։ Ապագայի՜դ՝ դրոշիդ պես կարմրածուփ...»։
Ապոթեոզ բաժնում Մկրտիչ Սարգսյանը հիացմունքով գրել է նաև Անդրանիկի մասին, որի կերպավորմանը խորհրդային իրականությունում տաբու էր դրված. «Նո՜ր ճանաչեցի այն ինքնուս զորավարին, որ թշնամուն հաղթում էր և՛ սրով, և՛ մեծագոհությամբ։ Նրա՛ն, որ սրին ապավինելուց առաջ ապավինում էր մարդասիրությանը։ Նա չկռվեց ոչնչացնելու համար, այլ ծառացավ ոչնչացնողների դեմ։ Նա սպանեց միայն կյանքի անունից՝ մահին հակակշիռ»։
Մկրտիչ Սարգսյանի համար «մարդը հիշատակի կյանք էլ ունի»։ Նա այդ հիշատակի կյանքի հարգանքով լի ժամհարն է և հետմահու կյանքի ծարավի հոգիներին մի բաժակ ջուր տվողը։
Բոլոր ժամանակներում արգելված թեմաներով գրականություն ստեղծելն ու հրապարակելը հատուկ են եղել իսկական գրողներին։ Մկրտիչ Սարգսյանը նրանցից մեկն է։ Նա, անցնելով կյանքի բովով, ոչ թե հյուծվել էր, այլ թրծվել զորությամբ ու վաստակել ճշմարտությունն առաջինն ասելու խիզախությունը։
Մկրտիչ Սարգսյանի գրիչը նոր արահետ բացողի կորով ուներ, որը պատվաբեր է, դափնևորվող ժամանակի հարգանքով։
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ